Իրան ու ԱՄՆ՝ կոնֆլիկտը

Իրան ու ԱՄՆ՝ կոնֆլիկտը սպառված է, պատերազմը չի բացառվում
10.01.2020 | 14:43
Իրանի ու ԱՄՆ-ի հարվածներ ու հայտարարություններ փոխանակելուց հետո Մերձավոր Արևելքի փորձագետները եզրակացրել են, որ այս փուլում ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի կոնֆլիկտը՝ Սուլեյմանիի սպանության հետևանքով, կավարտվի, բայց կողմերը շարունակում են գլորվել դեպի մեծ պատերազմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը՝ Իրանի՝ Իրաքում տեղակայված ԱՄՆ 2 ռազմաբազաների գիշերային հրթոիռակոծումից հետո, ոչինչ չասաց ռազմական պատասխանի մասին, միայն խոստացավ անհապաղ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: «Իրանը, կարծես, նահանջում է, ու դա շատ լավ է բոլոր շահագրգիռ կողմերի համար ու լավ է ամբողջ աշխարհի համար»՝ ասաց նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հաղորդեց, որ Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ամերիկացի կամ իրաքցի ոչ մի զինվորական չի տուժել, իսկ բազաների վնասը նվազագույն է: Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ 2 ռազմաբազաները՝ ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադում ԻԻՀ իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության:


Մերձավոր Արևելքի հարցերով BBC-ի խմբագիր Ջերեմի Բոուենը, մինչև Թրամփի ելույթը, կանխատեսել էր, որ հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ-ը ու Իրանը կարող են կանգ առնել՝ համարելով ընդունելի ձեռքբերումների ու կորուստների հավասարակշռությունը՝ ԱՄՆ-ը ազատվեց գեներալ Սուլեյմանիի պես թշնամուց, Իրանը պահպանեց դեմքը՝ ցուցադրական պատասխան հարվածով: «ԱՄՆ-ը բնավ անհրաժեշտություն չունի պատասխանել այդ հարվածին: Իրանի ուժերն արդեն սպառվում են, որովհետև մասնակցում է ամբողջ տարածաշրջանի պատերազմներին ու չի պատրաստվում մեծ լարման գնալ»՝ գտնում է Քեմբրիջի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի ու տարածաշրջանային կոնֆլիկտների փորձագետ Լիդիա Ուիլսոնը: Բացի քաղաքական գործիչների հայտարարությունները, կոնֆլիկտի աստիճանը չբարձրացնելու Իրանի ցանկությունը, մեկնաբանների կարծիքով, վկայում է և այն, որ հարվածը, ամենայն հավանականությամբ, այնպես է հասցվել, որ խուսափեն զոհերից: Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին չորեքշաբթի ասաց, որ իրանցիները հարվածից առաջ նախազգուշացրել են Իրաքին, որ հրթիռակոծելու են ամերիկացիների դիրքերը, բայց չեն ասել՝ որ դիրքերը: CNN-ը, հղում անելով դիվանագիտական ու ռազմական աղբյուրներին, հաղորդեց, որ իրաքցիները տեղնուտեղը զգուշացրել են ամերիկացիներին: «Շատ հստակ տեղորոշված հարված Իրանի կողմից: Այս հարվածը վնաս հասցնելու նպատակ չուներ, ավելի շուտ սիմվոլիկ գրոհ էր»՝ գտնում է Լիդիա Ուիլսոնը:


Նույնիսկ եթե ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի զինվորականների միջև ուղղակի բախում չլինի, կոնֆլիկտը կարող է շարունակվել ու վերածվել բախումների ամերիկացիների ու տարածաշրջանի բազմաթիվ իրանամետ շիա զինված խմբավորումների միջև: «Հազիվ թե Իրանի քաղաքականությունը փոխվի՝ նա շարունակելու է իր նպատակներին հասնել, այդ թվում՝ ամերիկյան ուժերի Իրաքից դուրբերմանը: Սուլեյմանիի սպանությունը թուլացրեց ԱՄՆ դիրքերը Իրաքում: Բայց այս ճգնաժամի նախերգանքը ԱՄՆ բազաների հրթիռակոծումն էր Իրանի հաճախորդների կողմից՝ տեղի շիա աշխարհազորի»՝ հիշեցնում է BBC-ի մեկնաբան Ջոնաթան Մարկուսը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին չորեքշաբթի ասել է, որ բազաներին հարվածը «ապտակ է» ԱՄՆ-ին, բայց դա բավարար չէ՝ պետք է ընդհանրապես ամերիկացիներին վտարել տարածաշրջանից: Երկու խմաբավորում արդեն չորեքշաբթի հայտարարել է, որ ամերիկացիների դեմ պատերազմ է սկսում:
Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հարցազրույցում ասել է, որ Թեհրանը չի կարող վերահսկել «զայրացած մարդկանց ամբողջ տարածաշրջանում»: Իրանի նախագահ Հասան Ռուհանին, չորեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է. «Ես կարծում եմ՝ գլխավոր հարվածը ԱՄՆ-ին պետք է տան տարածաշրջանի ժողովուրդները՝ ամերիկացիները կտրել են մեր թանկագին գեներալ Սուլեյմանիի ձեռքը, ի պատասխան Ամերիկայի ոտքը կկտրեն տարածաշրջանում»: Նույնիսկ եթե լարվածությունը նվազում է, Իրանի ու ԱՄՆ-ի միջև մեծ կոնֆլիկտի ընդհանուր սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետանում՝ հիշեցնում են փորձագետները: «Պատերազմի շատ ու շատ լուրջ սպառնալիքը պահպանվում է: Նույնիսկ եթե սա Սուլեյմանիի սպանությամբ հարուցված ճգնաժամի վերջի սկիզբն է, երկարաժամկետ հեռանկարում Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են գլորվե դեպի պատերազմ, և այդ գործընթացտ կանգ չի առնի, եթե ինչ-որ քաղաքական համաձայնության հանգեցնող բանակցություններ չլինեն»՝ գտնում է Ջերեմի Բոուենը: Նա նշում է, որ 2015-ին, երբ ստորագրվեց միջուկային ծրագրի համաձայնագիրը, թվում էր՝ կողմերը լիցքաթափման քայլ արեցին: Բայց հետո ԱՄՆ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը և 2018-ին դուրս եկավ Իրանի միջուկային գործարքից, այդ ժամանակից կոնֆլիկտը աճում ու աճում է: Չորեքշաբթի օրը Թրամփը նորից քննադատեց Իրանի հետ 2015-ի միջուկային համաձայնագիրը և կոչ արեց մյուս կողմերին՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, նույնպես դուրս գալ համաձայնագրից ու հասնել նոր պայմանավորվածությունների Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մյուս կողմից՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև (նաև Իսրայելի) սպառնալիքի ու անգամ պատերազմի անխուսափելիության մասին խոսում են 40 տարի՝ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո:
BBC


Հ.Գ. ԱՄՆ ռազմաբազաներին հարվածից առաջ Իրաքի իշխանություններին զգուշացումը նույնն է, թե նախազգուշացնել ամերիկացիներին, բնավ զարմանալի չէ, որ Թեհրանը տեղեկացրել է հարվածի մասին՝ նպատակ ունենալով խուսափել մարդկային զոհերից, որի դեպքում կոնֆլիկտը շարունակվելու էր: Կողմերին նոր արյուն դե ֆակտո պետք չէ, թեպետ գեներալ Սուլեյմանիի սպանության վրեժը Իրանը, որ այդքան բուռն խոստանում էր, չի հանել՝ արյան դիմաց արյունն է վրիժառությունը: Ու դա նույնպես փաստ է: Ու հենց այդ պատճառով է Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել կառավարության նիստում, որ գլխավոր հարվածը ԱՄՆ-ին պետք է տան տարածաշրջանի ժողովուրդները:
«Թեհրանը մերժել է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով»՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը: «Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում»՝ ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով Սուլեյմանիին:


Թրամփի ուղերձը ևս փորձագետները գնահատում են նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն: Դոնալդ Թրամփը ասում էր՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են. «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»։ Գուցե այդ պատճառով նա Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ չի հրաժարվել, ԱՄՆ կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես Թրամփն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»: «Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որ թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Կասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», – ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և ամերիկացիների, և իրանցիների արյան մեջ», – հայտարարել է Թրամփը:


Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։ Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որ, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել դիրքորոշումը: «Մենք պետք է աշխատենք Իրանի հետ այնպիսի մի համաձայնագրի հասնել, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», – ընդգծել է ԱՄՆ նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։
Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրանի ժողովուրդը գուցե չի գնահատի նրա մտահոգությունը, բայց ամերիկացիները 2020-ի նոյեմբերին կգնահատեն իրենց նախագահի շիտակ պահվածքը՝ սպանեցի՞ն ամերիկացուն, սպանվեց Սուլեյմանին, ԱՄՆ-ը քաղաքացիները աշխարհի բոլոր երկրներում պաշտպանված են՝ ըստ Թրամփի: Եվ դա հիանալի պատճառ է նրան ևս 4 տարով վերընտրելու:

Տարածաշրջաններ


ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էերգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Օգոստոսի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Կասպից ծովը վերջապես ստացավ իր կարգավիճակը: Մոտ 27 տարի տեւած բանակցությունները հայտարարվեցին ավարտված, իսկ ստորագրված փաստաթուղթն էլՙ պատմական, որը վերջնականապես լուծում է ափամերձ բոլոր պետությունների վիճելի խնդիրները, սակայն փորձեք հասկանալՙ արդյո՞ք դա այդպես է:

Կասպից ծովը, որը աշխարհագրության տեսակետից լիճ է, քանի որ չունի ելք դեպի օվկիանոս, կարեւոր նշանակություն ունի հարեւան բոլոր պետություններիՙ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրանի համար: Այդ կարեւորությունը, սակայն, տարբեր է ափամերձ պետությունների համար. եթե Ղազախստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը այն դիտարկում են որպես էներգակիրների արդյունահանման հիմնական տարածաշրջան, ապա Ռուսաստանի եւ Իրանի համար այն կարեւոր է անվտանգության տեսակետից, հետեւաբար բանակցությունների առաջին իսկ օրից կողմերը տարբեր ռազմաքաղաքական նպատակներ էին հետապնդում:

Կասպից ծով-լիճ ջրային ավազանի խնդիրը պայմանավորված էր նրա այդ կարգավիճակով, այսինքն դրա վրա չէր տարածվում ծովերի մասին ՄԱԿ-ի կոնվեցիան եւ հետեւաբար դրա իրավական ստատուսը պետք է որոշեն ափամերձ պետությունները բանակցությունների միջոցով: ԽՍՀՄ-ի քայքայումը հանգեցրեց նրան, որ մինչ այդ գործող պայմանագիրը Իրանի Իսլամական Հանրապետության հետՙ փաստորեն դադարեց գործել:

Կասպից ծովի կարգավիճակի մասին առաջին անգամ խոսվում էր դեռ Թուրքմենչայի պայմանագրում, հետագայում այն մի քանի ագամ վերանայվել է, իսկ վերջին անգամ թարմացվել 1980թ.ին: Այդ պայմանագրով երկու պետություններըՙ ԽՍՀՄ-ը եւ Իրանը հավասարապես օգտագործում էին լճի ջրային եւ ձկնային ռեսուրները, սակայն միայն Մոսկվան իրավունք ուներ ռազմական նավատորմ ունենալ Կասպից ծովում: Կասպիցի ծովային սահմանագիծը այնպես էր գծված, որ այն փաստացի բաժանված էր երկու պետությունների միջեւ ոչ հավասարաչափՙ 13%-ը Իրանի բաժինն էր, իսկ մացած 87%-ըՙ ԽՍՀՄ-ինը:

Սովետմիության քայքայումից հետո նորահայտ պետությունները սկսեցին հավակնել Կասպիցի իրենց հատվածներինՙ ցանկանալով օր առաջ սկսել ծովի էներգետիկ ռեսուրսների շահագործումը: Բացի այդ հին պայմանագրի փաստացի չգործության պայմաններում նորահայտ պետությունները, հիմնականում ԱՄՆ-ի աջակցությամբ, սկսեցին կառուցել ռազմական իրենց նավատորմերը, այդպիսով խախտելով նախկին պայմանագրի հիմական դրույթները:

ԱՄՆ-ը օգնում էր Ադրբեջանին, Ղազախստանին ու Թուրքմենստանին նավատորմի կառուցման հարցում, այդպիսով խորացնելով այդ պետություննների հակասությունները առաջին հերթին Ռուսաստանի հետ, որը կորցնում էր Կասպից ծովում ռազմական նավատորմ ունենալու իր մենաշնորհը: Բացի այդ պարզ չէր, թե ծովի ո՛ր հատվածում են սկսվում եւ ավարտվում ափամերձ պետությունների ջրային սահմանները եւ հատկապես ինչպե՛ս են անցնում սահմանային գծերը ծովի հատակով, իսկ դա կարեւոր էր նրանց համար, քանի որ միայն այդ միջոցով էր պարզ դառնում նավթահանքերի շահագործման հարցում առկա խնդիրները:

Հիմնական հակասություները Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրանի միջեւ էր, քանի որ նրանց ջրային հատվածներումՙ ծովի կետրոնական մասում էին կետրոնացված նավթահանքեր, որոնց պատկանելության շուրջ էլ բանավիճում էին կողմերը: Հատկապես կոշտ էր Իրանի դիրքորոշումը ծովի բաժաման հարցում, որը գտնում էր, որ անկախ ափի երկարությունից, հինգ պետությունները պետք է ունենան հավասարաչափ 20-ական տոկոս մասնաբաժին ծովից:

Ձգձգվող բանակցությունները հանգեցրին նրան, որ Ռուսաստանը ծովի բաժանման մասին սեպարատ պայմանագրեր կնքեց Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ, հետագայում կնքվեց եռակողմ համաձայագիր: Իրանը եւ Թուրքմենստանը հրաժարվեցին ճանաչել դրանց իրավասությունը ծովի նկատմամբ:

Ինչեւէ, երկարատեւ բանակցությունները հանգեցրին նրան, որ կողմերը ի վերջո եկան ընդհանուր հայտարարիՙ կնքելով համընդգրկուն պայմանագիր, որը սակայն դեռեւս չի պատասխանում բոլոր հարցերին: Հստակ է ծովի ջրային հատվածի բաժանման, նավարկման ու ձկնային ռեսուրսների շահագործման հարցը: Ռուսաստանի եւ Իրանի համար հատկապես կարեւոր էր ծովի անվտագության խնդիրը, որը լուծվեց այտեղ այլ պետությունների դրոշի տակ նավարկության արգելմամբ, ու խոսքը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական նավերի մասին է:

Կոնվենցիան թույլատրեց կողմերին կառուցել գազամուզ եւ նավթամուղ, ծովի հատակով, եթե կողմերից երկուսը իրար հետ գան համաձայության եւ եթե նրանք ունեն իրար հարող ընդհանուր սահմաներ: Ահա հենց այստեղ են այն խոչընդոտները, որոնք հերթական ագամ կարող են խանգարել անդրկասպյան գազամուղի կառուցման Ադրբեջան-Թուրքմենստան պայմանավորվածությունը:

Ծովի կենտրոնական մասով գազամուղի կառուցման դեպքում կողմերը նորից ստիպված են ստանալ հինգ երկրների համաձայությունը, քանի որ դրանք չեզոք ջրեր են եւ այստեղ տարածվում է բոլորի իրավասությունը: Բացի այդ, դեռ չկա համաձայնություն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հատակի բաժաման հարցում, իսկ հաշվի առնելով առկա խորքային տարաձայնությունները նմանատիպ համաձայնության շուրջՙ կողմերը դժվար թե տեսանելի ապագայում համաձայնվեն:

Հայաստանի համար տվյալ գործընթացը հետաքրքրական է եղել մի քանի պատճառներով: Մեր ավանդական հակամարտությունը Ադրբեջանի հետ սահմանափակվում է, ոչ միայն Արցախով, այլեւ տարածաշրջանում ազդեցության համար պայքարով, հետեւաբար այդ պետության հակասությունները Կասպից ծովի ավազանում միշտ էլ բխել են մեր շահերից: Այդ հակասություների սրման ընթացքում Ադրբեջանը ստիպված հսկայական գումարներ է ծախսել իր կասպյան նավատորմը հզորացելու համար:

Այդ հակասությունների տրամաբանությունից ելնելով Հայաստանը պետք է այդ հարցում համագործակցության տարբեր ձեւաչափեր մշակի Թուրքմենստանի եւ Իրանի հետ: Խոսքը միջազգային տարբեր ատյաններում Կասպից ծովի հարցում Աշխաբադին ու Թեհրանին դիվանագիտական աջակցություն ցույց տալու հարցն է: Հայաստանի շահերից չի բխում անդրկասպյան գազամուղի կառուցման հարցը եւ այս հարցում մեր շահերը համընկնում են Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնք նույնպես դեմ են այդ գազամուղի կառուցմանը:

Կոնվեցիայի ստորագրումը որոշակի կայունություն է մտցնում Կասպից ծովում եւ մի շարք հարցերում համագործակցության հնարավորություն է տալիս, սակայն մյուս կողմից էլ այն սրելու է հարաբերությունները Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ ստիպում է երկուսին նստելու բանակցություների սեղանին ծովի հատակով սահմանային գծի որոշման հարցում: Կոնվենցիան չի պատասխանում նաեւ Թուրքմենստաին հուզող հարցին, թե ում է պատկանում ծովի կենտրոնական մասում գտնվող Ազերի (թուրքմենական տարբերակովՙ Օսման) կոչվող նավթադաշտը, որտեղ նաեւ գազի մեծ պաշարներ կան:

Այնպես որ մենք այսուհետ ականատես կլինենք Կասպից ծովի բանակցությունների մի նոր շրջափուլի, որը սակայն արդեն կիրականանա հիմնականում եռյակ պետություններիՙ Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Հնարավոր է սա կողմերի միջեւ լարվածության մի նոր օջախ ստեղծի հատկապես, երբ ակտիվանան խոսակցությունները անդրկասպյան գազամուղի կառուցման հարցում, եւ այստեղ հստակ են լինելու մի կողմից Իրանի ու հատկապես Ռուսաստանի ու մյուս կողմից Ադրբեջանի եւ Թուրքմենստանի շահերի հակասությունները: Այս իրավիճակի ստեղծմանը ակտիվ կերպով կմիջամտեն նաեւ ԱՄՆ ու Չինաստանը, որոնք այս հարցերում իրար հակառակ շահեր ունեն: Այսինքն կարելի է արձանագրել, որ հակամարտության մի նոր շրջանի սկիզբ է հայտարարված, որում ներքաշված են նաեւ ոչ կասպյան պետություններ:

(Նույն հարցի շուրջ 10-րդ էջում կարելի է կարդալ նաեւ միջազգային մասնագետների կարծիքները):

Ատոմակայաններ

Ատոմային էլեկտրակայաններում՝ ԱԷԿ-ներում,  ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ տարրերի միջուկների տրոհման շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի։

Առաջին ատոմակայանը

Օբնինսկի ԱԷԿ-ը աշխարհում առաջին ատոմակայանն է, որը գործարկվել է 1954 թվականի հունիսի 26-ին: Գտնվում է Կալուգայի շրջանի Օբնինսկ քաղաքում: Առաջին ատոմակայանը, որը միացված էր Խորհրդային Միության ընդհանուր էլեկտրական ցանցին:

2000 թ., Օբնինսկի ԱԷԿ-ի հետագա գործողությունը, որն ապահով կերպով գործում էր 48 տարի (նախատեսվածից 18 տարի ավելի երկար), դարձավ տնտեսապես նպատակահարմար:

2002 թվականի ապրիլին այն ապամոնտաժվեց և ներկայումս գործում է որպես հետազոտական ​​և հուշահամալիր: Օբնինսկի ԱԷԿ-ը Ռուսաստանում առաջին անջատման ատոմակայանն է։

Օբնինսկում աշխարհի առաջին ատոմակայանի շենքը հանդիսանում է տարածաշրջանային նշանակություն ունեցող Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտ և պաշտպանված է պետության կողմից:

Բնական գազ,ածուխ և նավթ

Բնական գազ

Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):Բնական գազերի շարքին են դասվում նաև նավթին ուղեկցող գազերը, որոնք լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում և անջատվում են նավթի արդյունահանման ժամանակ: Նավթին ուղեկցող գազերը պարունակում են քիչ քանակությամբ մեթան, ավելի շատ էթան, պրոպան, բութան, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, ջրային գոլորշիներ, հելիում, արգոն:Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութ`  կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ:

Նավթ

Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Նավթի առաջացումըԿան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով:Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում: Եթե նավթի հանքավայրը գտնվում է ծովի հատակին, ապա արդյունահանումը կատարվում է կանգուն (ամրացված է ծովի հատակին) կամ լողացող հենահարթակների վրա:Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում,  Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:
Նավթի վերամշակումըՆավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են ուղեկցող գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում:Նավթի նախնական վերամշակումը թորումն է (բաժանումը բաղադրիչ մասերի), որն իրականացնում են թորման բազմաստիճան աշտարակներում: Նավթի թորումից ստանում են բենզին (եռման ջերմաստիճանը՝ 40-ից մինչև 100–120օC), լիգրոին (120–140օC), կերոսին (150–300օC), սոլյարայուղ (300օC-ից բարձր), իսկ մնացորդը կպչուն սև հեղուկ է՝ մազութ:Մազութը նույնպես նախապես ենթարկում են բազմաստիճան թորման: Նրա քայքայումը կանխելու համար թորումն իրականացնում են ցածր ճնշման տակ և ստանում քսայուղեր, վազելին, պարաֆին, իսկ մնացորդը ձյութանման զանգված է՝ գուդրոն: Վերջինս օգտագործվում է փողոցների ասֆալտապատման համար, իսկ նրա բարձրջերմաստիճանային մշակումից ստանում են թանձր յուղեր, շարժիչների վառելանյութեր և այրվող գազեր: Բենզինն օգտագործվում է որպես ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ:Լիգրոինը վառելանյութ է դիզելային շարժիչների համար և լուծիչ՝ լաքերի, ներկերի համար, կերոսինը վառելանյութ է ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների, սոլյարայուղը՝ դիզելային շարժիչների համար: Վազելինն օգտագործվում է բժշկության, իսկ պարաֆինը՝ սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման համար, ծամոնի, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների՝ մածիկի (մոմածեփ), մեկուսացնող նյութերի արտադրության համար: Պարաֆինով տոգորում են կտորները, մատիտները, լուցկու հատիկի գլխիկը (լավ այրվելու համար): Տաք պարաֆինն օգտագործում են բուժական նպատակներով:Նավթի երկրորդական վերամշակմամբ կարելի է իրականացնել նրա բաղադրության մեջ մտնող ածխաջրածինների կառուցվածքային փոփոխություններ՝ ածխաջրածինների մոլեկուլների ճեղքում (կրեկինգ), որի արդյունքում ստացվում են ավելի թեթև ածխաջրածիններ, քայքայում (պիրոլիզ), որը տեղի է ունենում ածխաջրածիններն առանց օդի մուտքի տաքացնելիս, և վերափոխում (ռիֆորմինգ), որը բենզինի և լիգրոինի վերամշակումն է՝ բարձրօկտանային թվով բենզին ստանալու համար:Նավթարդյունաբերության բուռն զարգացումը հանգեցրել է շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ավազաններ, հող) անթույլատրելի աղտոտման: Երբ նավթն արդյունահանվում է ցամաքում, այն թափվում է հողի վրա և լցվում ջրամբարների ու գրունտային ջրերի մեջ, իսկ երբ արդյունահանվում է ծովերում ու օվկիանոսներում, կամ այդտեղ տեղի են ունենում նավթատար նավերի վթարներ, նավթն արտահոսում է և աղտոտում ջրի մակերևույթը: Տեղի է ունենում էկոլոգիական աղետ, որը վտանգում է ջրային կենդանիների կյանքը: Նավթի կուտակվելը ծովափերին նույնպես էկոլոգիական աղետ է. խախտվում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցվում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: «Սև հեղուկի արտահոսքը» համարվում է XX–XXI դարերի դժբախտություն: Նավթով ու նավթամթերքով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում սահմանվել են հորատման սարքերի և տրանսպորտի միջոցների հսկման խիստ չափորոշիչներ: Ջրի մակերևույթից նավթը սովորաբար հավաքում են մեխանիկական եղանակով՝ հատուկ նավթահավաք նավերով: Երբեմն հողի և ջրամբարների մաքրման համար կիրառում են մանրէաբանական եղանակներ (օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ), ինչպես նաև ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ):

Ածուխ

Պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո, որն առաջացել է Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։ Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով։ Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի։ Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը։ Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերիցսինթեզում են իրենց կենդանի մարմինը։ Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան։ Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից։ Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը։ Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները։ Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը՝ գորշ ածուխը։ Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ։

Մեր միջավայրը

Մեր միջավայրը ինչքան ունի լավ կողմ,այնքան էլ վատ կողմ։ Վատ կողմերը`կրկեսում կենդանիների տանջամահ անելը,շների ապաստանների վատ պայմանները կամ շների պիտակավորումը,որը շուտով վերացնելու է շներին։ Նաև ասեմ որ մեր միջավայրում չկա աղբի տարբերակում։Ունենք աղբի վերամշակում որը նույնպես վնաս է։ Լավ կողմը մեզ տվել է բնությունը,իսկ մարդիկ ստեղծում են վատ կողմերը: Նկատել եմ , որ շատ մարդիկ բողոքում են կեղտոտ միջավայրից և հաջորդ քայլին նրանք ՝ ինքները , նպաստում են բնության աղտոտմանը ։

Հաշվետվություն արաջին փուլից

այս կիսամյակում մենք դիտեցինք անգլերեն լեզվով ֆիլմեր, որոնք զարգացնում են մեր անգլերենը, մեր բլոգում գրել ենք մեր տնային առաջադրանքները, ինչպես նաև մշակել ենք քերականություն և մասնակցել եմ քննարկումներին: